Հովհաննես Թումանյան «Անհաղթ աքլորը»

Հովհաննես Թումանյան "Անհաղթ աքլորը", սիրված հեքիաթներ,

Լինում է, չի լինում՝ մի աքլոր է լինում։
Էս աքլորը քուջուջ անելիս մի ոսկի է գտնում։
Կտուրն է բարձրանում, ձեն է տալի.
_ Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ…
Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է՝ գնան խլեն բերեն։
Նազիր-վեզիրը գնում են՝ խլում բերում։ Աքլորը կանչում է.
_Ծուղրուղո ՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց…
Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր-վեզիրին, ասում է.
_ Ետ տարեք իրեն տվեք, թե չէ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը…
Նազիր-վեզիրը ոսկին տանում են ետ տալիս աքլորին։ Աքլորն էլ կտուրն է բարձրանում.
_ Ծուղրուղո ՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց… Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է
_ Գնացե՛ք,-ասում է,- բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք ուտեմ, պրծնեմ դրանից։
Նազիր-վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է.
_ Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՛լ…
Տանում են մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի.
_ Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք-տաք բաղնիք է ղրկե՜լ…
Եփում են բերում թագավորի առաջն են դնում, կանչում է.
_ Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ…
Թագավորը շտապով վերցնում է կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է.
_Նեղ-նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՜ւ…
Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր-վեզիրին հրամայում է թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի՝ զարկեն։
Նազիր-վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են մինը էս կողմը, մյուսը էն։
Աքլորը որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի.
_ Լույս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ…
_ Զարկե՛ք…-հրամայում է թագավորը։ Նազիր-վեզիրը զարկում են, տալիս են թագավորի փորը պատռում։
Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում ձեն տալի.
_ Ծուղրուղո՜ւ…

Թողնել մեկնաբանություն